ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը սահմանամերձ համայնքների հետ կապված իրավիճակի գնահատման ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները և աշխատանքը չի համարում քաղաքական գործունեություն։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե իշխող խմբակցության նման ի՞նքն էլ է կարծում, որ Թաթոյանի հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում։
Հայտնել էինք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր` Թաթոյանի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և մի քանի ամիս անց իրենք իրենց ՄԻ պաշտպանի թեկնածուին կհայտարարեն։ Դրան ի պատասխան Թաթոյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` ասելով, որ Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները։
«Արման Թաթոյանը կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում` ներառյալ սահմանամերձ համայնքներում մարդկանց հումանիտար իրավունքների, խախտումների արձանագրումը։ Ստեղծված իրավունք խախտող ռիսկերի վերաբերյալ Թաթոյանը շատ հստակ է արտահայտվել, և վստահ եմ, որ ներկայացրել է կոնկրետ առաջարկներ ՏԻՄ–ներին, իշխանության մարմիններին։ Չեմ համարում, որ սա քաղաքական գործունեություն է»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` մարդու իրավունքների խախտումներն արձանագրելը չեն կարող լինել քաղաքական բնույթի, այլ բան է, որ որոշ խմբերի, ԶԼՄ–ների կողմից կարող են այդպես ներկայացվել։
Լրագրողների նկատառմանը, թե ստացվում է` Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տեղին չէին` ՄԻ պաշտպանի թեկնածուն նշեց, որ վստահ չէ, թե ԱԽ քարտուղարի հայտարարությունը վերաբերել է կոնկրետ սահմանամերձ համայնքների մասին Թաթոյանի արձանագրածներին։