ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, տեղեկանում ենք ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։ «Հանձնաժողովի հիմնական նպատակներից է Եվրոպական դատարանի վճիռների կատարման առավել արդյունավետ մոտեցումների մշակումը»,–նշված է գրառման մեջ։
Միաժամանակ, էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից էլ տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահը ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ կլինի, իսկ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն գլխավոր դատախազը, ՄԻ պաշտպանը, մի շարք նախարարներ` պաշտպանության, արտաքին գործերի, արդադատության, ֆինանսների և այլն, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարները, ՊԵԿ նախագահը, Երևանի քաղաքապետը, կադաստրի կոմիտեի ղեկավարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Վարչապետի որոշման մեջ նշվում է, որ հանձնաժողովի խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելն է: