ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Սարգսյանն ընդունել է Վայգանդին։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին (17 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
© Photo : official site of the President of RA
Քրիսթինե Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը։ Վայգանդի խոսքով` գրասենյակը շարունակելու է համագործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:
Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Վայգանդը բարձր է գնահատել նաև Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը: