«Լուսավոր Հայաստանը» չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Դավիթ Խաժակյան. Արխիվային լուսանկար
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշել է անվստահություն չհայտնել Հայկ Մարությանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով` երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որում որոշում է կայացվել չմիանալ նախաձեռնությանը:

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն չունեմ. Մարությանը փակագծեր է բացել
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
Իսկ դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: