Ինչին է սպասում գեներալը. Մարությանը՝ «առանց Սիլիկյանի» Սարդարապատի մասին

Զորավար Մովսես Սիլիկյանին նվիրված «Սարդարապատ. գեներալը սպասում է» ֆիլմի ռեժիսորը զրուցել է Sputnik Արմենիայի հետ թեմայի պատմական կարևորության, պատմության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և «ռազմավարական» հերոսների սկզբունքային կարևորության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. «Սարդարապատ. գեներալը սպասում է» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Նոր սերունդ» հոբելյանական համաժողովի շրջանակում։ Համաժողովն այս օրերին անցկացվում է Երևանում՝ «Ռուսական տան» նախաձեռնությամբ։
Պրեմիերայից անմիջապես հետո ռեժիսոր Ալեքսանդր Մարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հակիրճ խոսեց առանցքային փուլերի մասին, որոնք հանգեցրին ֆիլմի ստեղծմանը՝ մտահղացումից մինչև իրագործում:
«Ես տեսել էի Սարդարապատի հրաշալի հուշարձանը, թանգարանը և մնացած ամեն ինչ, բայց հարցրեցի՝ ինչ է տեղի ունեցել։ Չէ որ հաստատ կա մի մարդ, որի շնորհիվ դա տեղի է ունեցել, այդ մարդը գեներալ Մովսես Սիլիկյանն է։ 40 տարի առաջ, երբ իմացա, որ նա գնդակահարվել է 37-ին, գտա նրա որդուն, հանդիպեցի նրա հետ, ու նա շատ բան պատմեց հոր մասին, ինչն էլ դարձել է հետաքրքրասիրությունից հետո երկրորդ ազդակը», — ասաց Մարությանը։
Ռեժիսոր Ալեքսանդր Մարությանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Ռեժիսորի դիտարկմամբ՝ այն ժամանակվա բոլոր հայ զորահրամանատարներից հենց Սիլիկյանն էր ամենատաղանդավորը, ինչի մասին վկայել է նաև ինքը՝ մարշալ Բաղրամյանը, պնդելով, որ չնայած Դրոյի, Արամ Մանուկյանի և շատ այլ զորահրամանատարների ներկայությանը՝ հենց Սիլիկյանն էր որոշում ճակատամարտերի ճակատագիրը և հենց նա էր փոխում պատմության ընթացքը։
Մարությանը կարծում է, որ Սիլիկյանի հուշատախտակն ու փողոցը պատմական արդարության հարց է այն մարդու նկատմամբ, որը փրկեց ոչ միայն Հայաստանը: Շատ պատմաբաններ կարծում են, որ հենց նրա շնորհիվ է, որ ԽՍՀՄ սահմանն անցել է Արաքս գետով։
«Ֆիլմի ֆինանսավորման համար փորձել եմ գումար գտնել սփյուռքում, դիմել եմ Forbes-ի ցուցակներում բարձր դիրքեր զբաղեցնող մարդկանց, հոդվածներ եմ գրել թերթերում։ Եվ երբ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նոր ղեկավար Պրիմակովը հրապարակեց ԱՊՀ երկրների միջև համագործակցության մասին ծրագրային հայտարարությունը, որոշեցի գրել, որ Հայաստանի համար այնպիսի կարևոր թեմա կա մի ճակատամարտի մասին, որին մասնակցում էին տասնյակ ռուս սպաներ։ Նրա արձագանքի շնորհիվ նախագիծը կայացավ՝ դա վավերագրական դրամա է մարտի ու մարդու մասին», - ասաց Մարությանը։
«Սարդարապատ. Գեներալը սպասում է» ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Մարությանն աշխատում է դերասանների հետ նկարահանումների ընթացքում
Հիշելով այն մարդկանց արիությունն ու սխրանքները, որոնց շնորհիվ մենք այսօր կանք, Մարությանը կոչ է անում հայկական վերնախավին գիտակցել այն խնդիրները, որոնք կանգնած էին և կանգնած են ժողովրդի առջև։ Իսկ այն հարցին, թե ինչին է գեներալը սպասում ֆիլմում, ռեժիսորը պատասխանեց.
- Գեներալը սպասում է՝ երբ կհասկանանք, թե ինչ է նա արել և ինչ արդյունքների է դա հանգեցրել։ Մենք հակված ենք զանգվածաբար պատվանդանի բարձրացնել մարտավարական հերոսների, իսկ ստրատեգներին հաճախ մոռանում ենք...