ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Երրորդ աշխատանքային օրը կկայանա արտահերթ նիստը, որտեղ փակ քվեարկությամբ կա՛մ կունենանք կուսակցապետության ամրագրում, կա՛մ էլ կհաղթի բանականությունն ու բարոյականությունը»,–գրել է նա։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ Մարությանին անվստահություն հայտնելու համար հավաքվել է 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն է։
Երևանի քաղաքապետարանն էլ տեղեկացնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է` «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
Իսկ դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: