ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հաշվի առնելով այն, որ ՀՀ–ում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը»,–նշված է հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը միաժամանակ հիշեցնում է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը։
Այս դեպքում կան բացառություններ. դիմակ կարող են դնել 0-5 տարեկան երեխաները, բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողները, անձնական մեքենայով երթևեկողները (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողները, կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձինք, դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձինք և որոշ այլ դեպքերում։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն ընթացիկ տարվա հոկտեմբերի 30–ին էր խստացրել կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 193-ով և դարձել 343 350: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7885 է։