ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին թեև միացել էին ավագանու 65 անդամից 43-ը, սակայն Մարությանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բավականին հանգիստ է և կարծում է, որ փակ քվեարկության արդյունքում մեծ մասը կողմ չի քվեարկի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում` Մարությանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը։
«Նա կարծում է, որ շատերը Փաշինյանից վախենալով են ստորագրել, և եթե անգամ ոմանք դեմ են իր մնալուն, առավել դեմ են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուն։ Այժմ Մարությանը բանակցում է ավագանու անդամների հետ, որ գաղտնի քվեարկության ժամանակ չենթարկվեն Փաշինյանի կամքին։ Մանավանդ, եթե տապալվի իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա ավագանին, ըստ օրենքի, 1 տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից»,–գրում է թերթը։
Ըստ թերթի` ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, և ներկայացնել որպես հավատարմության ապացույց։
Պարբերականի աղբյուրները փոխանցում են, որ դեռևս 6 ամիս առաջ Փաշինյանը, Հայկ Մարությանին կառավարական առանձնատանն ընդունելով, ասել է, որ մինչև դեկտեմբեր ժամանակ է տալիս՝ «հարթելու թիմի հետ խզած հարաբերությունները, վերականգնելու անդամությունը ՔՊ-ին, հրապարակային աջակցություն հայտնելու իշխանությանը և այլն»։
Բայց Մարությանն անգամ հունիսի 20-ից հետո չի ենթարկվել։ Հիմա Փաշինյանի համբերությունը սպառվել է։
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։
Դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: