ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դիանա Գասպարյանն այսօր ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հրապարակվել է Էջմիածնի քաղաքապետարանի Facebook–յան էջում։
Վաղարշապատի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի երդմնալակության արարողություն (17 դեկտեմբերի․ 2021թ). Էջմիածին
Գասպարյանը երդվել է ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
Վաղարշապատի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի երդմնալակության արարողություն (17 դեկտեմբերի․ 2021թ). Էջմիածին
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վաղարշապատի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15 մանդատ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Հիշեցնենք, որ այս տարի Գասպարյանի անունը բավական շրջանառվեց մի դեպքի առնչությամբ. հունիսին համացանցում հայտնվել էր Գասպարյանի և փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում էր, որ «Փաշինյանի հոգեկանը չի դիմանում, նա հանուն պետության պետք է գնա»։ Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Փաշինյանի և Գասպարյանի հարաբերությունները վատացել են, սակայն Գասպարյանը վստահեցրեց, որ նման բան չկա։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց` վստահեցնելով, որ աղմկահարույց ձայնագրությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ է արել հավաքվել Երևանում:
Նրա խոսքով` ձայնագրությունը հատվածներով կտրտած է և մոնտաժված, իսկ Փաշինյանի` զինվորներին Երևանում հավաքի կոչը միանշանակ չի ընդունվել շատերի կողմից։