ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը միջանցքի գաղափարն առաջ մղելու համար փաստացի նոր շանտաժի է դիմել, փորձում է «Լաչինի միջանցքի» հարցը վերադարձնել քննարկումների փուլ։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ «Լաչինի միջանցքի» հարցը սահմանված և կարգավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն դա Ադրբեջանին կարծես քիչ է հուզում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն. եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, իրենք էլ մաքսակետ կբացեն Լաչինի միջանցքում
«Մինչ այս պահը միջանցք ստանալու համար Ադրբեջանը քննարկման տիրույթ էր վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհի հարցը, սպառնացել, որ միջանցք չտրամադրելու պարագայում անցակետեր կտեղակայի այդ ու Կապան-Ճակատեն ճանապարհին. վերջնարդյունքում ադրբեջանական անցակետեր տեղակայվեցին, ՀՀ-ի համար էլ ճանապարհը փակվեց։ Ու սա այն դեպքում, որ այդ ճանապարհի շահագործման, անվտանգության ապահովման և ՀՀ քաղաքացիների անխոչընդոտ երթևեկության վերաբերյալ 5-ամյա ժամկետով հուշագիր էր ստորագրվել»,–գրում է Աբրահամյանը։
Նրա խոսքով` անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների մեծ թվով բաղադրիչներ չեն հանրայնացվել և կուլիսային գործընթացներ են ընթանում, նույնիսկ եղած փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող «Լաչինի միջանցքի» թեման Ադրբեջանը բերել է օրակարգ։ Աբրահամյանը նշում է, որ Ադրբեջանը սպառնում է իր պահանջների չկատարման դեպքում ճանապարհի հետ կապված կարգավորումներում վտանգավոր փոփոխություններ իրականացնել։ Այսինքն` Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում, ինչը հղի է աղետալի հետևանքներով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։
Դեկտեմբերի 15-ին էլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: