Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ–ական Էդուարդ Բաբայանը

Էդուարդ Բաբայան. Արխիվային լուսանկար
ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար․կուսակցությունը Աբովյանի ավագանիում ունի 13 մանդատ, այնինչ անհրաժեշտ էր 14 կողմ ձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան համայնքում համայնքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Էդուարդ Բաբայանը։
Նշենք, որ այսօր կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի ընթացքում առաջադրվել է համայնքապետի 2 թեկնածու՝ ԲՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը և «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համար Պավել Ցուգունյանը։

ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար․կուսակցությունը Աբովյանի ավագանիում ունի 13 մանդատ, այնինչ անհրաժեշտ էր 14 կողմ ձայն։ Եվ այդ մեկ ձայնն ավագանու այսօրվա նիստում ԲՀԿ-ին տվել է ՀՅԴ-ից ընտրված ավագանու անդամ Արման Մեղրյանը:

Պավել Ցուգունյանը ստացել է 12 քվե․ նրա օգտին քվեարկածներից 2-ը «Հանրապետություն» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներ էին։

Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններին Աբովյան համայնքում հաղթանակ է տարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ։ Սակայն ԲՀԿ–ն չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն և չէր կարող միանձնյա իշխանություն ձևավորել:
ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կկատարվի. ԿԸՀ
ԿԸՀ-ի տվյալներով` բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 46,1 տոկոս ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է 12 տոկոսով: Եվ վերջապես 4-րդ հորիզոնականում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս: