ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում նոր ընտրություններ կլինեն։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա ներկայացրել է թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա որոշումը և գրել. «Գնում ենք նոր ընտրությունների»։
Ինչպես արդեն հայտնել էինք, Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: