ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը ոչ թե խստացնում են, այլ՝ երկարացնում և ճիշտ են անում։
Նշենք, որ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից քննարկվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, մյուս կողմից` նախագիծ է մշակվել երկարացնելու թուրքական ապրանքների` ՀՀ ներկրման արգելքի ժամկետը։
«Այն տնտեսական արդյունքները և սպասումները, որն այսօր ունենք, կարող ենք ասել, որ ճիշտ ենք անում, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարացնում ենք։ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ և չենք դիտարկում, որ դրանք պետք է միակողմանի լինեն»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ պետք է լինի երկկողմանի, և ոչ թե այնպես ստացվի, որ ՀՀ–ն միակողմանի քայլ անի և սահմանը բացի` սպասելով, թե դիմացինը երբ է քայլ անելու։ Քերոբյանը նշեց, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հետ կապված կառավարությունը չի թաքցնում, որ կարծիքները տարբեր են, ինչը նորմալ է։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ, ամեն դեպքում, ՀՀ շուկայում հայտնվում են թուրքական ապրանքներ` Քերոբյանը պատասխանեց, որ ՊԵԿ–ը որոշակի դժվարություններ ունի ԵԱՏՄ–ից դեպի ՀՀ փոխադրված ապրանքների մասով։ Հարցն այն է, որ ԵԱՏՄ–ից ՀՀ եկած ապրանքները չեն մաքսազերծվում և մաքսային սահման չեն անցնում։ «Խնդրի մասին տեղյակ ենք, սակայն այնպես չէ, որ մեր արգելքը շուկայի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Եթե նախորդ տարի մոտ 260 միլիոն դոլարի ապրանք էր ներմուծվել Թուրքիայից, իսկ արտահանվել` 2-3 մլնի, ապա այս տարի գնահատված ներմուծումը 10 անգամ ավելի քիչ է, իսկ արտահանումը 0 է»,–ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։