ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի ուղղությամբ ակտիվ աշխատանք է ընթանում: Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների արդի վիճակն ու հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորհրդաժողովում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում եզակի հնարավորություն է ստեղծվում։
«Ակտիվ աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Օվերչուկը:
Նա նաև անդրադարձել է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների զարգացմանը, «Հյուսիս-հարավ», «Արևմուտք-արևելք» միջազգային տրանսպորտային միջանցքների հնարավորություններին: Նրա խոսքով՝ նկատելի է, թե ինչ գործընթացներ են ընթանում Հյուսիսային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Բայց Եվրասիական տնտեսական գոտում ինտեգրման մասին քիչ է խոսվում։ Պետք է զարգացնել և անել հնարավորը միջտարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու համար։