ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում։
Նշենք, որ պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահեց 188–կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չկարողացավ բարձրացնել 193 և 196–կիլոգրամանոց ծանրաձողերը։
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը, բարձրացրեց 228 կգ և երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։
Վարժության հաղթող ճանաչվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն՝ ուզբեկ Ակբար Ջուրաևը՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդն էր Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռուսլան Նուրուդինովը, որը բարձրացրեց 185 կգ։
Հրում վարժությունում ևս Ջուրաևը գրավեց առաջին տեղը՝ բարձրացնելով 238 կգ և հռչակվելով աշխարհի չեմպիոն։
Հրում վարժության երկրորդ արդյունքը ցույց տվեց վերջինիս հայրենակից Ռուսլան Նուրուդինովը, որը բարձրացրեց 236 կգ և երկամարտի 421 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։
Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար մեր հավաքականից կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը:
Դեկտեմբերի 7-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը կեզրափակվի դեկտեմբերի 17-ին: