«Ռոստելեկոմն» ուզում է վաճառել իր դուստր ձեռնարկությունը ՀՀ-ում. հայտնի է նախնական արժեքը

Ռոստելեկոմի գովազդը Երևանում. Արխիվային լուսանկար
2012-ին «Ռոստելեկոմը» հայաստանյան շուկա մտավ որպես ինտերնետ–մատակարար։ Այսօր ընկերությունն ուզում է վաճառել իր հայաստանյան ակտիվները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Ռոստելեկոմը» հայտարարել է, որ ցանկանում է հայաստանյան դուստր ձեռնարկության` GNC-Alfa–ի ակտիվները վաճառել նախնական 25 մլն դոլարով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին։

2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձավ GNC Alfa–ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%–ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաև օպցիոն ստացավ ձեռք բերելու մնացած 25%–ը գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին «Ռոստելեկոմն» օգտվեց այդ օպցիոնից և ձեռք բերեց մնացած բաժնետոմսերը։

Նկատենք, որ այն ժամանակ GNC Alfa–ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետային թրաֆիկի թողունակությունը։
Այն ժամանակ GNC Alfa–ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում և թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ–մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկա–մանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո «Ռոստելեկոմը» Հայաստանում ինտերնետ և IP–հեռուստատեսություն էր առաջարկում նաև վերջնական սպառողին։
Բիզնես նախագծեր, զբոսաշրջային զարգացում. երիտասարդները մասնակցում են հայ–ռուսական ֆորումին
Ավելի վաղ վաճառքի մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր GNC Alfa–ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նա չէր հայտնել հավանական գնորդին։