ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությա այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 25 միավոր «Կամազ-4308» մակնիշի ավտոմեքենաները հետ են վերցվել ու ամրացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։
Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծում նշված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների արդյունավետ իրականացմամբ:
«Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական մարմին հանդիսացող Փրկարար ծառայությունը՝ ի թիվս այլնի, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Իսկ թե ինչու նշված ավտոմեքենաների կարիքը ՀՀ պաշտպանության նախարարությունն այլևս չունի՝ նախագիծը չի հստակեցնում։ Փոխարենը կառավարության նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի նվիրատվությունը` 2 միավոր «ՈւԱԶ-23632-155» մակնիշի ավտոմեքենաները։ Դրանք կամրացվեն ՀՀ ՊՆ–ին` նախարարության կարիքների համար շահագործելու նպատակով։