Փաշինյանը չի՞ վստահում իր թիմին. ավագանու հետ հանդիպմանը հավաքել էին նրանց հեռախոսները

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Վարչապետը հանդիպել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ՝ քննարկելու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության միջև կայացած հանդիպումը։ Օրակարգում էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։
Հանդիպմանը վարչապետի հետ միասին եկել էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանք անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկան գրասենյակից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Այդ ժամանակ դիմացի փողոցից մի քաղաքացի գոռաց. «Փաշինյա՛ն, էդ Պապիկյանին ռադ արա»։ Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն և հրաժարվեցին լրագրողներին մեկնաբանել պատճառները։

Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտարածի հայտարարություն կայացած որոշման հետ կապված։ Նա նոր բան չասաց՝ կրկնելով ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչների վերջին օրերի խոսքերը Հայկ Մարությանի մասին։

«Ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, քանի որ Հայկ Մարությանը դուրս է եկել կուսակցությունից։ Մենք համագործակցության եզրեր չենք կարողացել գտնել»,-ասաց նա։
Լրագրողները նաև նկատեցին, որ ՔՊ-ի գրասենյակում առանձին մի սեղանի վրա հավաքված էին նիստի մասնակիցների բոլոր հեռախոսները՝ հավանաբար, գաղտնի ձայնագրություններից և տեսագրություններից խուսափելու նպատակով։
«Նման մարդը չի կարող քաղաքապետ լինել». ՔՊ֊ում շարունակում են պայքարել Մարությանի դեմ
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
«Մարությանն իմ ընկերն է». Քերոբյանն իր դիրքորոշումը կհայտնի «ում որ պետքն է»