ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ըստ հաղորդագրության՝ եռակողմ հանդիպումը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։
Մինչ այս հանդիպումը Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։