ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև խզում է եղել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ֊ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Ինչպես Ազգային ժողովում չի կարող իշխող թիմից դուրս եկած մարդը լինել ԱԺ նախագահ, այնպես էլ քաղաքապետարանում նման մարդը չի կարող լինել քաղաքապետ», – նշեց Եղոյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՔՊ–ն այսպիսով որդեգրում է 1990-ականներին իշխող ՀՀՇ֊ի հայտնի սկզբունքը` «թող պոլի փեդ լինի, բայց ՀՀՇ֊ից լինի», Եղոյանը վիրավորվեց և հրաժարվեց արձագանքել։
Միևնույն ժամանակ ԶԼՄ–ներին հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է ունենալու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:
Դրան զուգահեռ տեղեկություններ կան, որ խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, ըստ որի` խմբակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրում Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին։
Նշենք, որ Հայկ Մարությանի դեմ արշավը սկսվեց դեկտեմբերի 13-ին «Հայկական ժամանակում» հրապարակված հոդվածից, ըստ որի` պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքեցին այդ լուրերը։