ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` ՀՀ պետական բյուջեից 620 929 500 ՀՀ դրամ կփոխանցվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պաշտպանության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման համար։
Որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարության կայքում հրապարակված նախագծի շատ կետեր «հույժ գաղտնի» են։
Այդուհանդերձ, հրապարակված հատվածից պարզ է դառնում, որ գումարը նախատեսված է ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի համար, որտեղ կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում:
«Նշված որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պաշտպանության ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք առաջնահերթ խնդիրների իրականացումը»,– նշված է որոշման հիմնավորումներում։
Թե ինչ է նախատեսվում արտադրել համալիրում, չի բացահայտում, նշվում է միայն, որ դա լինելու է սպառազինություն և ռազմական տեխնիկա։