Կառավարությունը հաստատեց` թոշակների ու նպաստների չափը կավելանա, բայց ոչ դարակազմիկ չափով

Նիկոլ Փաշինյան
Նվազագույն կենսաթոշակը կդառնա 28 600 դրամ. զինհաշմանդամության կենսաթոշակները նույնպես կավելանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց նախագծին, որի համաձայն` 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակի չափը 26 500 դրամից կդառնա 28 600 դրամ։
«Բացի այդ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 26 500 դրամից կդառնա 28 600 դրամ։ Իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար 26 500 դրամից կդառնա 37 000 դրամ»,–ասաց նախարարը։
ՀՀ–ում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ. նախարար
Մկրտչյանը հայտնեց, որ զինհաշմանդամության կենսաթոշակներն էլ կավելանան 3000 դրամով.
• 1-ին խումբ՝ 40 000–ից 43 000 դրամ,
• 2-րդ խումբ՝ 30 000–ից 33 000 դրամ,
• 3-րդ խումբ՝ 27 000–ից 30 000 դրամ։
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակն էլ կավելանա 3000 դրամով (27 000 դրամից` 30 000 դրամ)։ Իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ` 27 000 դրամի փոխարեն։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իհարկե երջանիկ չեն բարձրացումների չափերից, քանի որ դրանք դարակազմիկ չափերի չեն հասնում։ Նրա խոսքով` կենսաթոշակների շարունակական բարձրացումը կառավարության պարտավորությունն է։
ՌԱԴԻՈ
Ե՞րբ կմեղմվի գնաճը Հայաստանում. Քթոյանը` ապրանքների թանկացման ու «ճնշումների» մասին
Գործազրկություն ու սոված օրեր. որո՞նք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը