ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի կառավարությունը երկարաձգել է չմշակված կաշվի արտահանման արգելքը։ Արգելքը երկարաձգվում է վեց ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում:
Հիշեցնենք, որ Հայաստանից հումքի (չմշակված կաշվի և մետաղի ջարդոնի) արտահանման արգելքը քննարկվել է դեռևս 2019 թվականին, սակայն ուժի մեջ է մտել միայն 2021 թվականի հունիսին։ Մետաղի ջարդոնի արտահանման արգելքի երկարաձգման մասին այս որոշման մեջ խոսք չկա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց տեղեկություններով` արգելքը ձևականորեն պահպանվում է, սակայն դրա հետ մեկտեղ հայտնվել են կաշվի կիսաֆաբրիկատներ արտահանող արտադրամասեր։ Այդ կաշին անցնում է առաջնային դաբաղով, բայց վերջնական վիճակի չի հասցվում (կաշեգործների շրջանում այն հայտնի է wet blue անունով)։
Դա լրացուցիչ աշխատատեղեր է ստեղծում, բայց, այնուամենայնիվ, այդ կաշին չի հասնում տեղական արդյունաբերությանը, այլ արտասահման է գնում։ Մինչ էմբարգո հայտարարելը Հայաստանից չմշակված կաշին արտահանվել է Թուրքիա, «վեթ բլյուի» արտահանման մասին դեռ տվյալներ չկան։
Միաժամանակ Երևանի կաշվի գործարանը (որը մի քանի տարի առաջ վերսկսել է աշխատանքը) էմբարգոյից հետո նույնպես ավելացրել է մթերման ու արտադրության ծավալները: