ՀՀ-ն չի ձևակերպել իր նպատակներն Անկարայի ու Բաքվի հետ բանակցություններում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը կարծում է, որ պաշտոնական Երևանը 30 տարվա ընթացքում չի կարողացել թուրքական ուղղությամբ ներկայացնել հստակ ռազմավարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբեր – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս այդպես էլ չի ձևակերպել իր կոնկրետ նպատակներն ու անելիքները Թուրքիայի հետ հարաբերությունների և արցախյան կոնֆլիկտի հանգուցալուծման կապակցությամբ։ Այդ մասին Sputnik Արմենիայի մամլո կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հայկական կողմը չունի հստակ նպատակներ, հասկանալի չէ, թե ինչ ենք մենք ուզում Թուրքիայի հետ բանակցություններից և որոնք են մեզ համար կարմիր գծերը»,– ասաց Մարուքյանը։
Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է. Մարուքյան
Քաղաքական գործիչը վկայակոչեց այն իրողությունը, որ անկախությունից հետո 30 տարվա ընթացքում Հայաստանը հստակ չի ձևակերպել իր խնդիրներն ու անելիքները։
«Դիցուք Թուրքիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո ի՞նչ է լինելու։ Հենց այդ «ինչը» մենք մեզ համար չենք հստակեցրել։ Հայ ժողովուրդը նույնպես չգիտի այդ հարցի պատասխանը։ Մի մասն ուզում է Արևմտյան Հայաստանի վերադարձը, մյուս մասը` նյութական փոխհատուցում, երրորդ խումբը` անվտանգության կայուն երաշխիքներ։ Բոլոր այս ձևակերպումները լեգիտիմ են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում պետությունը»,– ասաց ԼՀԿ նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն Մարուքյանին
Ըստ Մարուքյանի` նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ հակամարտությանը. Բաքվում բավականին պարզ ու հստակ ներկայացնում են իրենց ակնկալիքները Հայաստանի հետ բանակցություններից, մինչդեռ հայկական կողմը խոսում է ինչ–որ անհասկանալի «խաղաղության օրակարգի» մասին։ Մարուքյանի խոսքով` եթե նույնիսկ կա ինչ–որ ռազմավարություն, դա չի հանրայնացվում։
ԼՀԿ նախագահի դիտարկմամբ` ՀՀ–ում ներքաղաքական անհասկանալի իրավիճակը հանգեցրել է պետականության իմունիտետի թուլացման, ընդ որում` երկիրը թուլացել է ինչպես ներսից, այնպես էլ դրսից, իշխանությունն ու ընդդիմությունը խոսում են տարբեր լեզուներով, և այդ անհանդուրժողականությունը խանգարում է ընդհանուր համախմբման գործընթացին՝ մարտահրավերներին դիմակայելու համար։