ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռեստավրատորները մեծ իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնայի զգեստի թևքում ХХ դարասկզբի կոնֆետ են հայտնաբերել։ Գտածոյի մասին Instagram–ի էջում պատմել են բարձրակարգ նկարիչ–վերականգնող Գալինա Ֆյոդորովան և Ռուսական մշակույթի պատմության բաժնի զգեստների հիմնադրամի պահապան Նինա Տարասովան։
Զգեստը պահվում է Էրմիտաժի զգեստների պատկերասրահում։ 1903 թվականին Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II կրտսեր քույրը` Քսենիա Ալեքսանդրովնան, այս զգեստով է հանդես եկել Ձմեռային պալատում հայտնի պարահանդեսի ժամանակ։ Թանգարանում լուսանկար կա, որտեղ մեծ իշխանուհին պատկերված է հենց այդ զգեստով։ Դրա թևքում էլ հենց վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կոնֆետը։
«Երբ այդ զգեստը կարգի էի բերում, ձեռքիս ափի մեջ ինչ–որ բան ընկավ. վարդագույն, տձև մի բան։ Եվ չգիտես ինչու, հավանաբար, բնազդաբար ես այն համտեսեցի... Կոնֆետ էր», – պատմել է Ֆյոդորովան։
Խոշորացույցի տակ զննելիս կոնֆետի վրա կարելի է դաջված տառեր նկատել։ Գուցե հրուշակեղեն արտադրող ընկերության անունն է։
Վերականգնողների խոսքով` կոնֆետը, ըստ ամենայնի, մեծ իշխանուհին կծել էր պարահանդեսի ժամանակ, և քանի որ այն դեն նետելու հնարավորություն չի եղել, որոշել է թաքցնել թևքի մեջ։ Նշվում է, որ գտածոյին գույքային համար չի շնորհվել, սակայն այն պահվում է զգեստի հարևանությամբ։ Մասնագետները թույլ են տվել տեղադրել այն առանձին պլաստիկ տոպրակում և դնել մետաղյա տուփի մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Էրմիտաժի «Հին գյուղ» վերականգնողական կենտրոնում հասանելի է դարձել ռուսական զգեստների հավաքածուն, որում ներառված են ռուսական ոճի իրական նմուշներ դիմակահանդեսային զգեստներ։ Հատուկ արժեք են ներկայացնում Ձմեռային պալատում 1903 թվականին տեղի ունեցած հայտնի պարահանդեսի մասնակիցների զգեստները, որոնք արված են Ալեքսեյ Միխայլովիչ ցարի ժամանակների ռուսական զգեստների ոճով (XVII դարի կեսեր)։