«Երևանն ինքնակամների ջունգլիների է վերածվել». օրենքի մասին լսել ու նորից գործի են անցել

Արխիվային լուսանկար
Երանուհի Թումանյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ դրվելուց հետո կառավարությունը տեղելություններ է ստանում, որ համայնքներում ապօրինի շինրարության «տարափ» է կսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանը ինքնակամների ջունգլիների է վերածվել։ Այսօր ԱԺ–ում ինքնակամ շինությունների քանդման իրավակարգավորումներին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ նրա` պատճառը իրավակարգավորումների բացակայությունն է եղել, և ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 2 տարի աշխատել է այսօր արդեն ԱԺ հասած նախագծի վրա։
Կառավարությունը գիծ է քաշում. ապօրինի շինություններն այլևս չեն օրինականացվի
Իշխանամետ պատգամավորը արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է խստացվել ապօրինի կառուցապատողների պատասխանատվությունը։
«Վարչական իրավախախտումների օրենսգրքում այն 200 000-ից դարձվել է 500 000-1մլն դրամ, ավելի ծանր դեպքերը դարձել են 1.5-2 մլն»,– ասաց փոխնախարարը։
Բացի այդ, ըստ նրա, վարչական ու քրեական պատասխանատվություն է սահմանվել նաև համայնքի ղեկավարի նկատմամբ, ինչը մինչ այդ չի եղել։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների «ջարդը»
Նոր օրենքը նաև երկու կարգավորում է սահմանում. մինչև 2022թ–ի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ շինությունները կարող են օրինականացվել համապատասխան դիմումի ու պատասխանատու մարմնի որոշմամբ։ Իսկ հունվարի 1-ից հետո կառուցվածներն արդեն այդ իրավունքից զրկված կլինեն։
Ի դեպ, Երանուհի Թումանյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ դրվելուց հետո կառավարությունը տեղեկություններ է ստանում, որ համայնքներում ապօրինի շինարարության «տարափ» է սկսվել։ Ըստ նրա` հենց դրանով է պայմանավորված, որ կառավարությունն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստում փաթեթն ընդունել հրատապ կարգով։