ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ նախարարությունը չունի դպրոցների նախընտրելի տնօրենների ցուցակ։ Դումանյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններին։
Նշված օրենքի փոփոխություններից մեկը վերաբերում է դպրոցի տնօրեններին. առաջարկվում է տարանջատել դպրոցների վարչատնտեսական ու կրթական կառավարումները։ Կարծիքներ կան, որ ԿԳՄՍՆ–ն այսպիսով փորձում է իր նախընտրած տնօրեններին բերել դպրոցներ։
«Դպրոցների տնօրենների միջև անձնավորված մոտեցում չունենք։ Մրցույթներն անցկացվում են նախատեսված կարգին համապատասխան։ Մեզ դպրոցների տնօրենների ընտրության կարգը դուր չի գալիս, ինչի համար էլ փոփոխություն ենք ուզում իրականացնել, սակայն խստորեն պահպանվում է նաև գործող օրենքը»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` նոր օրենքով առաջարկվում է, որ դպրոցի տնօրենը զբաղվի բուն կրթությամբ և ծանրաբեռնված չլինի վարչատնտեսական աշխատանքներով։
Հիշեցնենք, որ ինչպես դպրոցի տնօրենները, այնպես էլ կրթության փորձագետները միակարծիք չեն սպասվող փոփոխության առնչությամբ։ Ավելին` դպրոցի տնօրենների համար անգամ պարզ չէ` ինչ գործառույթներ է իրականացնելու «երկրորդ տնօրենը»։