ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Covid-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվելու սխեման։
Նախարարը ինֆոգրաֆիկան հրապարակել է Facebook–ի իր էջում։
Դեկտեմբերի 1-ին Ավանեսյանի հրամանով հաստատվել էր Covid-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում Covid-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց։
Covid-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել Covid-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:
Հիշեցնենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։