ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ ձեռք բերված Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումն ու պայմանավորվածությունը կյանքի կոչելու դեպքում կփոխվի տարածաշրջանի քաղաքական, անվտանգային, տնտեսական միջավայրը։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Չեմ ցանկանում գերագնահատել այս նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից էլ չեմ ցանկանում թերագնահատել։ Սա էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե՝ նաև քաղաքական և անվտանգային միջավայրը։ Առաջիկայում պետք է կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն` փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Նշենք, որ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Փաշինյանը շեշտեց, որ Թուրքիայի հետ որոշակի և արդյունավետ երկխոսություն սկսելու դեպքում, որի արդյունքում եթե հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, ապա նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ։
«Երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, և Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի։ Մենք պետք է սկսենք երկաթուղու շինարարությունը, սակայն մինչ այդ մեծ աշխատանք կա անելու` նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Այդ աշխատանքի մի մասն արդեն արված է, բայց հիմա արդեն գործնական ու ամենօրյա աշխատանքով պետք է լուծենք խնդիրը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող` Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են 3 երկրի փոխվարչապետերը։ Դրա մասին խոսվել էր նաև նոյեմբերի 26-ին` Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։
Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծել է տարածաշրջանում ենթակառուցվածների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով: