14 կուսակցություններ կոչ են անում ազատել ընտրված քաղաքապետներին

Հանրահավաք. Արխիվային լուսանկար
Ընդդիմադիրները վստահ են, որ անձանց կալանավորումը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 14 կուսակցություններ կոչ են անում ազատել ըտրված քաղաքապետներին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Կուսակցությունների հայտարարությունը Facebook–ի իր էջում տարածել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հայտարարությունում նշված է, որ տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում իշխող վարչակազմն ամբողջությամբ փորձում է զավթել իշխանությունը տեղերում: «Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ», ֊ ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում,Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ձերբակալությունները ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են:

«Իշխանության նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին, փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին», ֊ ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը բաց է միանալու համար, այն ստորագրել են «Ազատություն», «Ազգային Անվտանգություն», «Ազգային Ժողովրդավարական Միություն», « Երկիր Ծիրանի», «Զարթոնք» , « Ժողովրդավարական ուղի » , «Համերաշխություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայրենիք», «Մեկ Հայաստան» կուսակցությունները և «Վերածնվող Հայաստան», « Քրիստոնեա-Դեմոկրատական » կուսակցությունները։
Վեդիում նոր ընտրություններ կլինեն
Հիշեցնենք՝ այսօր կալանավորվել է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Կալանքի տակ են նաև «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և այլ անձնինք։