ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչները չեն կարողանում այցելել համայնքի գերեզմանատուն, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը խնդրի մասին գրառում է արել Facebook–ի իր էջում։
Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որտեղ այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։
«Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին»,– գրել է նա։
Ստեփանյանը հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա է հրավիրում պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։
Նրա խոսքով` այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին։