ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի- Sputnik. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ վաստակեց։
Մեր մարզիկը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ֆիքսեց 175 կգ, բայց հաջորդիվ գլխավերևում չպահեց 180 կգ և 181 կգ–ները: Հրում վարժությունում Գասպարյանը զրո ստացավ` չբարձրացնելով 215 կգ-ն:
Նույն քաշում Արսեն Մարտիրոսյանը պոկեց 170 կգ, այնուհետ երկու փորձից չբարձրացրեց 175 կգ–ը: Հրում վարժության ժամանակ նա չբարձրացրեց 210 կգ և զրո ստացավ:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը 12-րդն է:
Վաղը` դեկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը: Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը:
Դեկտեմբերի 7-ին մեկնարկած Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կեզրափակվի դեկտեմբերի 17-ին: