ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակականությունը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկությունները դեռ չեն ամփոփվել։ Մենք հընթացս վերլուծում ենք դրանք», – ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։