ՌԴ–ն կնպաստի հարաբերությունների կարգավորման` Անկարայի և Երևանի երկխոսությանը. Զախարովա

Մարիա Զախարովա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, տարածաշրջանում վստահության և բարիդրացիական մթնոլորտի ձևավորմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Անկարայի և Երևանի կողմից երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ինչպես նաև երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիական մթնոլորտի ձևավորմանը:
«Ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ–ների հայտարարությունները». ԱՄՆ պետքարտուղար
Այս համատեքստում դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կազմակերպված 3+3 տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի առաջին հանդիպումը, որին մասնակցել են նաև հայկական և թուրքական կողմերի ներկայացուցիչները, նույնպես նպաստում է Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցմանը ձևաչափի մյուս մասնակիցների հետ:
«3+3»-ը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների հարաբերություններում. ՌԴ դեսպան
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնանալ գործնական հարցերի վրա, ինչպիսիք են տրանսպորտային, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում վստահության բարձրացման, ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցները:
Հիշատակվել է Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթերի վերսկսման հեռանկարը։