«Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Հայկ Մարության. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով` Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու համար արդեն իսկ 39 ստորագրություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այս մասին News.am-ին հայտնել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։
Նախնական տվյալներով 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։ Այլ մանրամասներ Արմեն Կոտոլյանը չի հայտնել։
Հավելենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում էին, որ տեղյակ չեն գործընթացից` իրենք ոչինչ չեն ստորագրել։
Ինչու էին ընդվզել վարորդները. պատճառը փո՞ղն է, թե՞ Մարությանը չի գոհացնում իշխանությանը
Նշենք, որ դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է` Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։