ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կարող է նշանակվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ։ Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
Օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում և, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն, և այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել:
«Ժողովուրդ»–ին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է:
Ավելի վաղ օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից և նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը:
«Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` «Հրապարակ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։
«Անորակ հրթիռների» գործով մինչ այդ անցնում էին 4 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։
Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: