ՀՀ և Սլովենիայի վարչապետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել գործընկերությունը ԵՄ–ի և Սլովենիայի հետ հատկապես տնտեսության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը շնորհակալություն է Յանշային` ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ամրապնդելու գործընկերությունը ԵՄ–ի և Սլովենիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ (15 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
Յանեզ Յանշան ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը` հավելելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը նոր ազդակ կարող են հաղորդել կապերի ամրապնդմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին: