Գրիգորյան-Մերեդիթ հանդիպման ժամանակ քննարկվել է Սյունիքի զարգացման հարցը

Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սյունիքի մարզի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացման հարցը քննարկել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ։

«Գրիգորյանը Մերեդիթի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Տնտեսական և ներդրումային պլանի ներքո նախագծերի շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ ընթացիկ քննարկումներին։ Դրանք մասնավորապես վերաբերում են ճանապարհային և թվային ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը:
Գրիգորյանը հանդիպել է նաև ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Բրյուսելում է, որտեղ կայանալու է Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը։
Ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որևէ «միջանցքի» տրամադրում. Մհեր Գրիգորյան