ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը Ռուսաստանի դեսպանատան երկու դիվանագետներին անցանկալի անձ է հայտարարել։ Որոշումը կայացվել Բեռլինում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատավճռից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ Խանգոշվիլիի սպանությունը խախտում է Գերմանիայի ինքնիշխանությունն ու բարդացնում է Գերմանիայի և Ռուսաստանի միջև երկխոսությունը:
Ավելի վաղ Բեռլինի բարձրագույն դատարանը Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Սոկոլովին (Կրասիկովին) մեղավոր էր ճանաչել սպանության մեջ ու դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Գերմանիայի դատախազությունը պնդում է, որ Սոկոլովը «Վիմպել» հատուկ ստորաբաժանման մարտիկ էր, իսկ սպանությունը կազմակերպել էին Ռուսաստանի կամ Չեչնիայի դաշնային իշխանությունները:
Ռուսաստանը հերքել է իր պետական կառույցների մասնակցությունը Խանգոշվիլիի սպանությանը և ասել էր, որ մեղադրանքները ապացույցներ չունեն: 2019-ի դեկտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը Խանգոշվիլիին անվանել էր «դաժան ու արյունալի մարդ», «անջատողական» ու հայտարարել էր, որ նա Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն էր:
Հիշեցնենք, որ 40-ամյա Զելիմխան Խանգոշվիլին սպանվել էր 2019 թվականի օգոստոսին Բեռլինի Տիրգարտեն այգում։ Վադիմ Կրասիկովը հեծանիվով մոտեցել էր Խանգոշվիլիին և գնդակահարել իր զոհին Glock 26 խլացուցիչով ատրճանակից։