«FlyOne Armenia»–ն չեղարկել է իր առաջին չվերթերը և բացատրել պատճառը

Ավիաընկերությունը վստահեցնում է, որ որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. «FlyOne Armenia» հայկական ավիաընկերությունը չեղարկել է իր առաջին չվերթը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթեր էին նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին։
Ըստ հաղորդագրության` չեղարկման պատճառը կապված է ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալով (այդ թվում` ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված)։

«Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը նաև տեղեկացնում է, որ մյուս ուղղություններով չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։
«FlyOne Armenia»–ն հայցում է ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։