ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի տոնում է իր 100-ամյակը։ Հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումների շրջանակում այսօր վավերագրական կարճամետրաժ ֆիլմի` «Ձայն մեծացի» ցուցադրություն էր:
«Ձայն մեծացի» ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանն ասում է, որ փորձել են ֆիլմն այնպես ստեղծել, որ առանց ձայնի նայելու դեպքում անգամ հանդիսատեսը հասկանա, թե ինչի այն մասին է: Ֆիլմում ցուցադրվել է ընդամենը 8 ցուցանմուշ:
Գրականության և արվեստի թանգարանի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի միջոցառումների կազմակերպման պատասխանատու Անի Երեմյանը, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թանգարանն արդեն 100 տարի է ինչ «տուն է դարձել» հայ գրականության, թատրոնի և կինոարվեստի երևելիների արխիվների համար:
Երեմյանը նաև ընդգծեց, որ տարվա սկզբից թանգարանի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են նախաձեռնվել և իրականացվել: Մինչ այս իրականացվել է ցուցադրություն «Տաշիր սթրիթ» գալերեայի հետ համատեղ՝ «Նվեր Երևանին» խորագրով: Այնտեղ ներկայացված են եղել հայ մեծերի ստացած և տված նվերները:
Մինչ տարվա վերջ լինելու է ևս մի քանի միջոցառում, դրանցից որոշները բարեգործական են լինելու և իրականացվելու են խնամքի կենտրոնի սաների համար, որպեսզի մանուկներն էլ ներգրավված լինեն այդ միջոցառումներին:
Գրականության և արվեստի թանգարանում կան գրեթե 2 մլն-ի հասնող ցուցանմուշներ: