4,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը համապատասխանում է տնտեսության առկա ներուժին, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէր ավելի բարձր ցուցանիշներ ապահովել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին։
«Կան գործոններ, որոնք նպաստում են մինչև հինգ տոկոս աճին։ Դա տնտեսության առումով համավարակի մասնակի հաղթահարումն է, ինչպես նաև հետպատերազմյան շոկերի հետզհետե հաղթահարումը։ Մյուս կողմից՝ պարտքի նշանակալի բեռը հնարավորություն չի տալիս տնտեսական քաղաքականությունն ակտիվացնել նախկին տեմպերով և պարտքով պայմանավորված սահմանափակումները թույլ չեն տալիս պետական ծրագրերի, նախագծերի ավելի լայն շրջանակ ապահովել»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի դիտարկմամբ` այսօր ունենք մշակող արդյունաբերության դանդաղ վերականգնում, շինարարության ոլորտում որոշակի շարժ կա, հատկապես կազմակերպությունների միջոցներով արվող շինարարության մեջ։ Հայաստանի տիպի երկրներում զարգացման խթան է հանդիսանում դրսից ռեսուրսների ստացումը, սակայն այս տարվա ընթացքում այդ մասով դրական տեղաշարժ չի եղել, հետևաբար պետք է արձանագրել, որ այս պահին, որպես հետճգնաժանային իրավիճակ, 4,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը համապատասխանում է տնտեսության առկա ներուժին, բայց դա, ըստ Քթոյանի, չի նշանակում, որ հնարավոր չէր ավելի բարձր ցուցանիշներ ապահովել։
«Իսկ ինչ վերաբերում է ապրանքների գնաճին, ապա նշենք` քանի որ գնաճի պարագայում զգալի է արտաքին գործոնների ազդեցությունը և համաշխարհային պարենի գների մասով, առանձին ապրանքատեսակների մասով կա գների աննախադեպ բարձր մակարդակ, ուստի դրսից բավականին լուրջ գնաճային ճնշումներ կան, և այդ բաղադրիչը մեր 9,6 տոկոս գնաճի մեջ բավականին բարձր է»,– ասաց տնտեսագետը։
Նա վկայակոչեց նաև այն կանխատեսումները, որոնց համաձայն` պարենի համաշխարհային գների խիստ բարձր մակարդակը ենթակա է որոշակի կարճաժամկետ ճշգրտումների, և այդ առումով ԿԲ–ի կանխատեսումները գուցե հիմնված են տվյալ գործոնի վրա։ Քթոյանի գնահատմամբ` կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են արտաքին գնաճային ճնշումների թուլացմանը, թեև դրանք դեռ կշարունակեն մնալ բավականի բարձր մակարդակի վրա։ Տնտեսագետը որպես օրինակ բերեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ինչը որոշակի դերակատարում կունենա գնաճը փոքր-ինչ զսպելու հարցում։
Քթոյանի խոսքով` տեղի է ունենում պահանջարկի և առաջարկի գլոբալ համապատասխանեցում, որի արդյունքում պարենի գները որոշակիորեն կսկսեն նվազել, գնաճը կմեղմվի, և դա կանդրադառնա նաև Հայաստանի ներսում սպառողական գների ինդեքսի վրա։
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին մամլո ասուլիսում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կանխատեսումները, որոնց համաձայն` 2021թ–ը Հայաստանը կավարտի 4.2 տնտեսական աճով, գնաճը ներկայիս 9.6–ի փոխարեն տարեվերջին կկազմի 8.4 տոկոս։