ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի շոշափելի քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Դա անհրաժեշտ է բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու տեսանկյունից։ Այս եզրահանգման են եկել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասնակիցները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։
«Շառլ Միշելը Բաքվին ու Երևանին կոչ է արել լարվածության թուլացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել: Նա շեշտել է, որ ուժերի միջև պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ԵԽ-ն փորձագետների խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանազատման և սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը`. երկաթուղին կվերագործարկվի, և այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։
Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։