Ասլանյանին ձերբակալելը ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով է. հայտարարություն

Մամիկոն Ասլանյան. Արխիվային լուսանկար
Այսօր ձերբակալված Մամիկոն Ասլանյանը հայտնել է, որ իր կամքն անկոտրում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Մամիկոն Ասլանյան» դաշինքը վստահեցնում է, որ Ասլանյանին ձերբակալելը ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով է։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
«Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը: Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար։ Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»,–նշված է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կկատարվի. ԿԸՀ
Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։