Ադրբեջանցի մարզիկը հասկանում էր, որ «ծեծ» է ուտելու. Բաչկովը պատմել է իր մենամարտերի մասին

Հովհաննես Բաչկովը Օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներկայիս առաջատար Հովհաննես Բաչկովին շատերն անվանում են բրոնզե չեմպիոն։ Բրոնզե չեմպիոնը Sputnik Արմենիային պատմել է օլիմպիական և աշխարհի խաղերում իր մենամարտերի և ադրբեջանցի մարզիկ հետ մենամարտի մասին։
Sputnik
Հայ անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 3 անգամ բրոնզե մրցանակակիր է դարձել աշխարհի առաջնություններում, երրորդ տեղն է գրավել նաև օլիմպիական խաղերում։ Իսկ ահա Եվրոպայում նա հավասարը չունի, որովհետև հին աշխարհամասի կրկնակի չեմպիոն է և Եվրոպական խաղերի հաղթող։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Բաչկովն ասել է, որ դեռևս ունի չիրականացված երազանք, որին հասնելու համար առջևում Փարիզի օլիմպիական խաղերն են։ Բրոնզե չեմպիոնի հետ զրուցել է Խաչիկ Չախոյանը։
Հովհաննես Բաչկովը Sputnik Արմենիայում
- Հովհաննես, 2021 թվականին դու 2 անգամ կանգնեցիր պատվո պատվանդանին` օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնությունում։ Տոկիոյի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում ամերիկացի Կեյշոն Դեյվիսը հաղթեց «կեղտոտ» մենամարտի շնորհիվ, իսկ աշխարհի առաջնությունում դու զիջեցիր ապագա չեմպիոն կուբացի Էնդի Կրուզին։ Ի՞նչ կպատմես այդ մենամարտերից։
-Կեյշոն Դեյվիսին ես մեծ բռնցքամարտիկ եմ համարում։ Սկզբից թվում էր`նա իմ դեմ մենամարտում հատուկ մարտավարություն էր նախապատրաստել՝ «կեղտոտ» մարտ անցկացնել։ Բայց դա այնքան էլ այդպես չէ։ Մենք նախկինում էլ իրար դեմ մենամարտել էինք, ու ես գիտեի, թե նա ինչպես է անցկացնելու մարտը։ Ուղղակի դա նրա բռնցքամարտելու ձևն է, նրա ոճը։ Քանի որ մրցավարներն իրեն չեն «նեղացնում», Դեյվիսը շարունակում է նույն ոճով էլ մենամարտել։
Աշխարհի 2019 թվականի առաջնության կիսաեզրափակիչում մրցավարը մոտ 20 անգամ Կեյշոնին բանավոր զգուշացրեց, որ ձեռքերս չբռնի։ Բայց նկատողություն չտվեց։ Ես կհաղթեի նրան, եթե նկատողություն տային, ինչը արդարացի կլիներ։ Օլիմպիական խաղերի ժամանակ նկատողություն տվեցին Դեյվիսին, բայց կողային մրցավարները չարձագանքեցին։
Հովհաննես Բաչկովի և Կեյշոն Դեյվիսի մենամարտը Տոկիոյի Օլիմպիադայում
-Կարճ ասած`մրցավարական վրիպումների խնդիրը բռնցքամարտում կա։ Սխալ մրցավարության հետ կապված աղմկալի սկանդալներից հետո էլ մրցավարությունը դեռ իր բարձրության վրա չէ՞։
-Իմ կարծիքով` մրցավարական կողմնակալությունը չի վերանալու։ Կարող է նվազի, բայց չի վերանա։ 2016 թվականի օլիմպիական խաղերից հետո շատ մենամարտերի արդյունքները բեկանվել են, ու դատական պրոցեսներ են ընթանում։ Ամերիկացի բռնցքամարտիկից մի գլուխ բարձր լինել հնարավոր չէ։ Կամ հավասար մենամարտ ես վարում, կամ էլ չնչին առավելություն ես ունենում։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ես պարտվեցի կուբացուն։ Բայց նա ինձ «ծեծել» չկարողացավ։ Նույնն էլ Դեյվիսի պարագայում էր. ես կունենայի այդ չնչին առավելությունը, եթե մրցավարները որոշումներ կայացնեին մարտին համապատասխան։ Իսկ կուբացին մոլորակի լավագույն բռնցքամարտիկն է, դա էլ չմոռանանք։ Ես միգուցե նրան չպարտվեցի, բայց նաև չհաղթեցի։ Մի փոքր զիջեցի։ Պարզապես օլիմպիական խաղերում ես անհամեմատ լավ մարզավիճակում էի։ Ու եթե մենք մենամարտեինք Տոկիոյում, արդյունքը կարող էր լինել լրիվ հակառակը։
-Աշխարհի 2021 թվականի առաջնության երկրորդ մենամարտում քո մրցակիցն ադրբեջանցի Մալիկ Հասանովն էր, որ ռինգ դուրս գալուց կարծես թե բոլորին ուզում էր ապացուցել, որ հաղթելու է։ Իսկ դու դեպի ռինգ դուրս եկար շատ հանգիստ, առանց ավելորդ ժեստերի ու շարժումների։ Դա հատո՞ւկ մենամարտ էր։
-Ով նման ձևով է ռինգ դուրս գալիս, իմ կարծիքով, չափազանց մեծ լարվածությունից է իրեն այդպես պահում։ Նա հասկանում էր, որ «ծեծ» է ուտելու (նշենք, որ այդ մրցամարտում Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մարզիկին–խմբ)։ Իսկ ես իմ հույզերը չեմ ցուցադրում։ Բնավորությունս է այդպիսին, ես ներս եմ գցում, ու ոչ մեկ չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում իմ ներսում։
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից
- Շատ դժվար է մեկ տարվա ընթացքում` մի քանի ամիսների տարբերությամբ, մասնակցել երկու խոշոր մրցաշարերի է։ Նախ վերականգնվելու հարց է առաջանում, հետո մարզավիճակի։ Օլիմպիական խաղերից մի քանի ամիս անց դժվա՞ր չէր մասնակցել աշխարհի առաջնությանը։
-Շատ դժվար էր։ Օլիմպիական խաղերն ինձ համար շատ ծանր ընթացք ունեցան։ Քաշ գցող բռնցքամարտիկի համար օլիմպիական խաղերը շատ դժվար են։ Պետք է կարողանաս սառը վերաբերվել ամեն ինչին։ Ինձ հեռու էի պահում, ու մտածում միայն բռնցքամարտի մասին։ Ես ուզում էի հանգստանալ օլիմպիական խաղերից հետո ու պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ անցկացնել։ 2021–ի դեկտեմբերի 11-ին էր նախատեսված իմ մենամարտը։ Անձնական քաշս էլ էր բարձրացել։ Մեծ դժվարությամբ կարողացա նորից կարգավորել քաշս, իսկ դա ավելորդ էներգիայի կորուստ է, երբեմն նաև նյարդերդ են տեղի տալիս։ Եվ այդ պատճառով էլ լիարժեք մարզավիճակ հավաքել չկարողացա (նշենք, որ Բաչկովի` պրոֆեսիոնալ ռինգում մենամարտն աշխարհի առաջնությանը մասնակցելու պատճառով հետաձգվել է, այն կկայանա 2022թ.-ին)։
-Դու արդեն մեդալ ունես բարձր կարգի բոլոր մրցաշարերից՝ օլիմպիական խաղեր, Եվրոպայի և աշխարհի առաջնություն։ Կարելի՞ է ասել, որ հասել ես նպատակիդ։
-Իհարկե ոչ։ Նպատակը նպատակ է ծնում։ Նվաճումների սահմանափակում չկա։ Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում։ Ինչքան հնարավոր է պետք է արդյունք ցույց տաս, քո երկրի, քո ազգի համար։ Ես դեռ անելիք ունեմ ռինգում և նոր հաջողությունների ու հաղթանակների հետևից եմ գնալու։
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի բողոքարկումից հետո Բաչկովին հաղթանակ է շնորհվել
Հովհաննես Բաչկովին ապագայում հեշտ մրցաշարեր չեն սպասում։ 2023 թվականի աշխարհի և 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկը մտածում է միայն ոսկե մեդալ բերելու մասին։ Իսկ կուտակած փորձն ու արդեն ակնհայտ վարպետությունը նրան կօգնեն իր նպատակին հասնելու համար։