ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայիդեսպան Վիկտոր Ռիխտերին
Թաթոյանը պատմել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Բացի այն, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
«Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները»,–ասել է ՀՀ ՄԻՊ–ը:
Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Նա ընդգծել է, որ այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։
Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել են հանդիպման մանրամասն քննարկման առարկա։