ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Գերիների վերադարձի հարցը ՀՀ օրակարգում շարունակում է մնալ համար մեկ հարցը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով Բրյուսելում ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումների օրակարգում գերիների խնդրի առկայության մասին հարցին։
«Ցանկացած քննարկման մեջ գերիների հարցի քննարկումը, քանի դեռ գերիները կան, պետք է լինի մեր օրակարգի առաջնային հարցը»,– ասաց նա։
Հարցին, թե որքանով կարող է խնդրի լուծմանը խոչընդոտել գերիների նկատմամբ հարուցված քրեական գործն ու արդյոք Ադրբեջանը չի շահարկի այդ փաստը, Քոչարյանը պատասխանեց.
«Եկեք մենք գերիների շահարկման թեման հանենք մեր ներքին օրակարգից ու դուք կտեսնեք, թե գերիների հարցն ինչքան հանգիստ, առանց որևէ լարվածության իր ուծումը կգտնի»։
Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց` գերիների հարցով զբաղվում են, հակառակ դեպքում նրանց վերադարձն ընդհանրապես չէր լինի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե գերիներն իր համար այլևս չկան, Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել` այն որակելով «խարդավանքների պրոցեսի մի մասը», երբ թաքնված տեսախցիկներն իրականացնում են ներհայաստանյան մթնոլորտը լարված պահելու համար, իսկ պաշտոնյայի ամբողջական խոսքից հանվում է մի հատված` նույն նպատակով օգտագործելու համար։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։