Փաշինյանը մեկնեց Բրյուսել, որտեղ Ալիևի հետ հանդիպում է նախատեսված. ի՞նչ կա օրակարգում

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բելգիայում կայանալիք եռակողմ բանակցություններին նախորդել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Սոչիի եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից. Պողոսյան
Տեղեկացվում է, որ վարչապետը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հանդիպման մասին հայտարարվել էր դեռ նոյեմբերի կեսերին, այդ ժամանակ Երևանն ու Բաքուն հերթով հաստատել էին իրենց առաջնորդների մասնակցությունը գագաթնաժողովին։

Նշենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Այն ժամանակ կողմերն ընդունեցին 44-օրյա պատերազմից հետո թվով երրորդ համատեղ հայտարարությունը, որում խոսվում էր սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի խթանման մասին։

Բրյուսելյան հանդիպումը, ըստ որոշ տեղեկությունների, հիմնականում միտված կլինի մարդասիրական ասպեկտին։ Գերիների վերադարձի խնդիրը մինչ օրս հայկական կողմի համար մնում է ամենասուր հարցը։
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ դերը
Բաքուն չի հայտնում գերիների ճշգրիտ թիվը, տարբեր խոչընդոտներ է ստեղծում հարցի լուծման համար։ Այս տեսանկյունից Երևանը, անշուշտ, որակական առաջընթաց է ակնկալում կայանալիք հանդիպումից։
Բանակցային իրավիճակը բարդացնում են նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը։ Անցած շաբաթ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, հայկական դիրքերը ենթարկվել են գնդակոծության և հարձակման, ինչի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:
Շառլ Միշելից այս պայմաններում պահանջվում է, եթե չհաշտեցնել կողմերին, ապա գոնե մի փոքր սառեցնել կովկասյան հյուրերի թշնամական տրամադրվածությունը, իսկ Սոչիի «բեքգրաունդը» կարող է օգնել նրան այդ հարցում։
Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։