ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի-Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը, գրում է «Փաստ» օրաթերթը։
Նշենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում անցկացվող հարսանիքին հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»։ Տեղեկությունների համաձայն` հարսանիքը կլինի բազմամարդ։
«Նիկոլ Փաշինյանը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»,–գրում է թերթը:
Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին: