ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանը հաջողություններ կարձանագրի տնտեսության առաջընթացի և բարեկեցության ապահովման գործում: Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են»,– ասված է ուղերձում։
Սարգսյանը գոհունակությամբ նշել է ՀՀ–ի և ԻԻՀ–ի հետևողական ձևավորված միջպետական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հարցում։
Նա շնորհավորական ուղերձում նաև անդրադարձել է հայ–իրանական բարիդրացիական կապերին, որտեղ կա փոխադարձ վստահություն և հարգանք։
ՀՀ նախագահը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է երկու պետության բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար:
Սարգսյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավորություն կունենան հանդիպելու և զրուցելու տարածաշրջանային, միջազգային և երկկողմ գործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ինչը, անտարակույս, կնպաստի հարաբերությունների զարգացման դրական դինամիկային։